Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Նորածինների խնամքը

Նորածնային շրջանի երեխայի առողջությունը հիմնավորապես կախված է կյանքի առաջին իսկ օրերին նրանց խնամքից։ Վարակազերծումը և սպասարկող անձնակազմի անձնական անբասիր հիգիենան նորածինների խնամքի հիմնական սկզբունքներն են։

 

Ծննդատանը նորածնի առաջին հարդարանքի համար օգտագործում են ախտահանված սպիտակեղեն, հատուկ գործիքներ և անհատական ստերիլ փաթեթներ, որոնք պարունակում են պորտալարի մշակման և վիրակապման համար անհրաժեշտ բոլոր գործիքները։


Պորտալարի մշակումը կատարվում է երկու փուլով։ Առաջին փուլում պորտալարի վրա, պուլսը դադարելուց հետո, դնում են Կոխերի երկու ստերիլ սեղմիչներ։ Աօաջին սեղմիչը դրվում է պորտային օղից 10 սմ հեռավորության վրա, երկրորդը՝ առաջին սեղմիչից 2 սմ դուրս։ Երկու սեղմիչների միջև գտնվող պորտալարի հատվածը մշակում են յոդի 5%-անոց սպիրտային լուծույթով և կտրում ստերիլ մկրատով։ Երկրորդ փուլը վերաբերում է պորտալարի մշակմանը։ Պորտալարի մնացորդը մաքրում են սպիրտով թրջած անձեռոցիկով։ Եթե պորտալարը հյութալի է, ապա այդ նույն անձեռոցիկով բութ մատի և ցուցամատի միջև պորտալարը սեղմում են այնքան ժամանակ, մինչև վարտոնյան դոնդողը տեղափոխվի պորտալարի հարևան հատվածները։ Այնուհետև ստերիլ աքցաններով Ռոգովինի մետաղակապեր են դրվում պորտալարի վրա այն ձևով, որ մետաղակապի ստորին եզրը լինի պորտաօղի մաշկային եզրից 4-5 սմ հեռավորության վրա։ Մետաղակապերի տեղադրումից 2-5 սմ դուրս պորտալարը ստերիլ մկրատով կտրում են և կտրվածքի մակերեսը մշակում յոդի 5%-անոց սպիրտային լուծույթով։ Եթե մետաղակապերի փոխարեն ստերիլ մետաքսաթելի կապեր են դրվում, ապա դրանք տեղադրում են պորտաօղի մաշկային եզրից 1-1,5 սմ հեռավորության վրա։


Ռեզուս-կոնֆլիկտի կամ մոր ու պտղի արյան AOB համակարգի խմբային անհամատեղելիության դեպքում երեխայի ծնվելուց անմիջապես հետո, չսպասելով պուլսի դադարելուն, ամուր սեղմում են պորտալարը։


Պորտալարի մնացորդի առավել արագ մումիֆիկացիայի նպատակով կարելի է օգտագործել երկրորդային կապերի մեթոդը, այսինքն՝ երեխայի ծնվելուց 6-12 ժամ անց այն տեղում, որտեղ դրված է առաջնային կապը, ստերիլ մետաքսաթելի կրկնակի կապ են դնում։ Եթե պորտալարի մնացորդի վրա դրված է մետաղակապ, ապա այդ դեպքում նույն տեղում մետաքսաթելի կապ չի դրվում և այն թողնում են բաց (մշակման բաց ձև)։ Մետաքսաթելի կապ դնելու ժամանակ պորտալարի մնացորդն ամբողջությամբ մշակում են սպիրտի 95%-անոց լուծույթով` վրան դնելով վիրակապ։


Բլենոռեայի կանխարգելումը կատարում են երեխայի ծնվելուց հետո։ Նորածնի յուրաքանչյուր աչքի շաղկապենային պարկի մեջ ստերիլ կաթոցիչով սուլֆացիլ-նատրիումի 30%-անոց թարմ լուծույթ են կաթեցնում։ Այդ լուծույթից 1-2 կաթիլ կաթեցնում են նաև աղջիկ նորածինների սեռական ճեղքի մեջ։


Նորածնի առաջին հարդարումը կատարում է մանկաբարձուհին։ Նա ստերիլ բուսական յուղով թաթախված հականեխված անձեռոցիկով նորածնի մաշկից հեռացնում է լորձը, արյունը, առատ ճարպափառը։ Վերջինս նպատակահարմար չէ լրիվ հեռացնել, որովհետև օգտակար նյութեր է պարունակում (ֆերմենտներ, վիտամիններ և այլն)։


Եթե նորածնի մաշկն աղտոտված է սաղմնակղանքային (մեկոնիալ) ջրերով, կատարում են հիգիենիկ լոգանք` մարգանցաթթվական կալիումի 1:10000 (վարդագույն) լուծույթով։ Լոգանքի ջրի ջերմաստիճանը պետք է լինի 37-38°։


Այնուհետև կշռում են երեխային, մոմլաթե ստերիլ ժապավենով չափում են հասակը (ծոծրակից մինչև կրունկոսկրն ընկած տարածությանը)։ Այդ նույն ժապավենով որոշում են նաև կրծքավանդակի և. գլխի շրջագիծը։ Նորածնի կրծքավանդակի շրջագիծը չափելիս ժապավենը տեղադրում են մեջքի կողմից թիակների ստորին անկյունների, իսկ առջևից` կրծքապտկիկների և անութային փոսերի մակարդակին։ Գլխի շրջագիծը որոշելիս ժապավենը տարվում է ծոծրակային թմբի և վերհոնքային աղեղների մակարդակով։


Նորածնի դաստակին հագցվում է ձեռնակապ, որն ամրացվում է ստերիլ մառլյայե կապերով։ Ձեռնակապի վրա գրվում է մոր ազգանունը, անունը, հայրանունը, նորածնի ծննդյան օրը և ժամը, սեռը, զանգվածը՝ ծնվելիս, ծննդաբերության պատմության համարը։ Նորածնին փաթաթում են ստերիլ բարուրով և վերմակով։ Վերմակի վրայից հագցնում են մեդալիոն՝ նշելով այն նույն տվյալները, որոնք գրված են ձեռնակապի վրա;


Նորածնին ծննդասրահից տեղափոխում են ծննդատան մանկական բաժանմունքի պալատ, որտեղ նրան անմիջապես զննում են բժիշկ-մանկաբույժը, բուժքույրը։ Նորածինների համար առանձնացված լուսավոր և չոր հատուկ սենյակների օդի ջերմաստիճանը պետք է լինի 20-24°։ Անհաս նորածինների պալատի օդի ջերմաստիճանի տատանումները պետք է լինեն 24-26° սահմաններում։ Օդի հարաբերական խոնավությունը ցանկալի է պահպանել 60%-ի սահմաններում։ Շնչահեղձուկով ծնված և ուղեղային արյան շրջանառության խանգարումներ ունեցող երեխաներին տեղավորում են թթվածնային սարքավորումներով կահավորված հատուկ պալատներում։


Նորածնի զննման ժամանակ ուշադրություն են դարձնում մաշկի գույնի, պորտի վերքի վիճակի, ճչոցի բնույթի, միզարտադրության և մեկոնիումի վրա։ Ստերիլ վազելինով կամ բուսական յուղով մանրակրկիտ մշակում են անութային փոսերի և աճուկների շրջանների մաշկի բնական ծալքերը։ Եթե երեխայի գլխի վրա կան լորձունքի կամ արյան մնացորդներ, ապա հակացուցումների բացակայության դեպքում (ամենից hաճախ ծննդաբերական վնասվածք), երեխայի գլուխը լվանում են hոսող գոլ ջրով և չորացնում են ստերիլ բարուրով։ Նորածնի փսխանքի ասպիրացիայից խուսափելու նպատակով նրան պառկեցնում են թեթևակի կողքի վրա։


Սովորաբար նորածնի ամենօրյա հարդարանքը կատարում են առավոտյան կերակրումից առաջ։ Այդ ժամանակ էլ նրան կշռում են, չափում մարմնի ջերմաստիճանը։ Ջերմաչափերը պահում են հատուկ բաժակներում՝ ֆուրացիլինի 1:5000 լուծույթի մեջ։ Առավոտյան հարդարանքի ժամանակ նորածնի դեմքը լվանում են եռացրած գոլ ջրով կամ սրբում բորաթթվի 2-3%֊անոց գոլ լուծույթով ներծծված բամբակյա տամպոններով։ Նման ձևով մաքրում են ականջի խեցիները։ Պետք է հետևել, որ հեղուկը տամպոնից չթափվի արտաքին լսողական անցքը: Աչքերը մաքրում են մարգանցաթթվական կալիումի (1:10000) կամ ֆուրացիլինի (1:5000) լուծույթներով թրջված բամբակյա ստերիլ գնդիկներով։ Յուրաքանչյուր աչքի մաքրման hամար պետք է օգտագործել առանձին բամբակյա գնդիկ՝ սրբելով աչքը սկսած նրա արտաքին անկյունից մինչև ներքինը։


Քթանցքները և արտաքին լսողական ուղիները մաքրում են ստերիլ վազելինով կամ բուսական յուղով ներծծված բամբակյա քուղերով։ Կաթնախտը, աֆթաները և այլն ժամանակին հայտնաբերելու նպատակով ուշադիր զննում են բերանի խոռոչի լորձաթաղանթը։
Նորածնի կյանքի առաջին երկու օրերին մաշկի ծալքերին քսում են յոդի 1%-անոց սպիրտային լուծույթ, իսկ հաջորդ օրերին՝ ստերիլ յուղ կամ տանինի 1%-անոց քսուք։ Հետույքի և շեքի մաշկային ծածկույթներին, hոսող գոլ ջրով լվանալուց hետո, նպատակահարմար է քսել այդ նույն քսուքը։


Չպետք է թույլ տալ, որ նորածինը, թեկուզ և կարճ ժամանակով, մնա թաց և կեղտոտ բարուրի մեջ։ Նորածնի հագուստը պետք է ապահովի ջերմության պահպանումը և չարգելակի նրա ֆիզիոլոգիական դիրքին ու չխանգարի շարժումներին։ Նորածնի հագուստը պետք է լինի բամբակյա կտորից։


Առողջ նորածնին, ծնվելուց 6-12 ժամ հետո, մոտեցնում են մոր կրծքին։ Կերակրումների միջև ընկած ընդմիջումները կազմում են 3- 3,5 ժամ, այսինքն՝ նորածնին կերակրում են օրական 7 կամ 6 անգամ։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ